ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը հանդիպել է Պորտուգալիայի պետքարտուղարի հետ

Ժնևում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Անա Իզաբել Խավիերի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Պորտուգալիայի միջև հաստատված դրական փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Նրանք վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը՝ հատկապես ընդգծելով Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում համատեղ շահերի և արժեքների խթանմանն ուղղված համագործակցության կարևորությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է այս տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները, ինչպես նաև դրանց հաջող իրականացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունների վերաբերյալ։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը նկատել է խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը և նշել տարածաշրջանային կապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերի մասին։