Իրանը պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ավարտել և ստորագրել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շուրջ համապարփակ փաստաթուղթը։ Այս մասին նա հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Իրանի նախագահը նշել է, որ երկկողմ կապերի ընդլայնումը և խորացումը կհամապատասխանի երկու երկրների շահերին, և Իրանի վճռականությունը՝ զարգացնելու համակողմանի հարաբերությունները հարևան երկրների, հատկապես Հայաստանի հետ, անսասան է։ Նրա խոսքով՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների մակարդակը որքան էլ բարձրանա, երկու երկրների շահերը կլինեն ավելի քան երբևէ պաշտպանված։

Փեզեշքիանը բարձր է գնահատել երկու երկրների միջև տնտեսական և միջանցքային համագործակցության դրական միտումները՝ դրանք համարելով փոխադարձ հնարավորությունների օգտագործման ընդհանուր ձգտման նշան։ Նա ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և կայուն անվտանգությանն աջակցելն է, և երկիրը չի ձգտում անկայունության կամ լարվածության, քանի որ դրանք վնաս կհասցնեն տարածաշրջանի բոլոր երկրներին։

Իրանի նախագահը դրական է արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրին՝ այն համարելով անվտանգության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ դրական քայլ։

Նա նաև անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին՝ այն որակելով կառուցողական և արդյունավետ։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում ձեռք բերված բոլոր համաձայնությունները լրջորեն դիտարկվում են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից, և հույս հայտնելով, որ դրանց լիարժեք իրականացումը կբարձրացնի երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում համագործակցությունը։

Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փոխանցել է Հայաստանի վարչապետի ողջույնները և բնութագրել երկու երկրների միջև հարաբերությունները որպես ամուր, կայուն և ընդլայնվող։ Նա հույս հայտնել է, որ Իրանի առջև ծառացած խնդիրները կլուծվեն դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով։