Խաղաղության խորհրդի կազմում Ադրբեջանի ընդգրկումը՝ բարոյական ձախողում է

Վերջերս Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գովքը միջազգային հանրության կողմից առաջնորդության բարոյական ձախողում է, այլ ոչ թե դիվանագիտական հաղթանակ։ Այս կարծիքը հայտնվել է Ստեֆան Պեչդիմալջիի կողմից Washington Times-ի խմբագրությանը ուղարկված նամակում։

Իմ կարծիքով, նախագահ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհուրդը», որտեղ անդամակցությունը հրավերով է, արդեն իսկ հեգնանքի առարկա էր։ Ադրբեջանի նման երկրի ընդգրկումը, որը տարիներ շարունակ իր հսկայական բնական ռեսուրսների միջոցով փորձել է սպիտակեցնել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ճնշման հետ կապված իր սարսափելի իրավիճակը, ավելի քան երեսպաշտ է։

Պետք է հիշել, որ Հայաստանի հետ 30 տարվա հակամարտությունից հետո Ադրբեջանը խաղաղության չի հասել երկխոսության, բանակցությունների կամ դիվանագիտության միջոցով։ Իր նպատակներին հասնելու համար Ալիևը 2023 թվականի ռազմական գործողության միջոցով սովի մատնել է Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայ բնակչությանը՝ մի քանի ամիս շարունակ շրջափակելով նրանց, ինչից հետո ստիպել է լքել իրենց տները։

Այս պայմաններում «Դա անվանել խաղաղություն՝ նշանակում է վերաիմաստավորել բառը՝ դրան տալով լիակատար հնազանդության և աջակցության իմաստ»։ Նա նաև նշում է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ քաղաքական բանտարկյալներին, այդ թվում՝ հումանիտար գործիչ Ռուբեն Վարդանյանին, ավերել հայկական եկեղեցիները և այլ պատմական վայրեր՝ փորձելով ջնջել հայերի ներկայությունը տարածաշրջանում, և շարունակում է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»։

Իմ կարծիքով, Խաղաղության խորհուրդը շատ առումներով զուտ քաղաքական թատրոն է, որը կոչված է իշխանությունը սկզբունքներից վեր դասելու։ Ալիևը միանալով խորհրդին, շարունակում է իր ջանքերը՝ Թրամփին իր կողմը գրավելու։ Ադրբեջանին Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկելու թույլտվությունը նրան խաղաղապահների երկիր չի դարձնում, այլ միայն ցույց է տալիս, թե որքան հեշտ է խաղաղության հայեցակարգը գնել, վաճառել և օգտագործել շահադիտական նպատակներով։